«Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ամերիկյան իշխանությունների հետ»,- Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Իր հերթին հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել ՈՒկրաինայի դեմ պատերազմը։                
 

Ժիրինովսկուն չի կարելի լուրջ ընդունել, բայց և չի կարելի անտեսել

Ժիրինովսկուն չի կարելի լուրջ ընդունել,  բայց և չի կարելի անտեսել
16.12.2016 | 00:57

«Ասում են, թե քաղաքականությունը
երկրորդ հնագույն
մասնագիտությունն է:
Սակայն ես հանգել եմ այն
հետևությանը,
որ նա շատ ավելի
ընդհանրություններ ունի
առաջինի հետ»:


Ռոնալդ ՌԵՅԳԱՆ
ԱՄՆ-ի 40-րդ նախագահ


«Ցինիկ ու քամելեոն քաղաքական գործիչ Ժիրիկի» մասին քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ հոդվածը («Իրատես», թիվ 79) կարդալուց հետո բառարաններում փորձեցի գտնել ռուսերենում օգտագործվող конъюнктурщик բառի հայերեն համարժեքը, բայց չգտա: ՈՒստի Ժիրինովսկուն համարենք դասական քաղաքական կոնյունկտուրշչիկ, բայց ոչ շարքային, այլ բավականին ազդեցիկ: Այս բառի բացատրությունը՝ անսկզբունք մարդ, որը գործում է՝ կախված տվյալ պահին ստեղծված կոնյունկտուրայից, իրադարձությունների զուգադիպություններից, լիովին համապատասխանում է նրա էությանը:


Ինձ առաջին հերթին զարմացրեց այն պարագան, որ հարգարժան քաղաքագետը Ժիրինովսկու հակահայկական հայտարարություների կապակցությամբ խիստ… զայրացել էր: Զգացվում էր, որ միայն ներքին բարեկրթությունը նրան թույլ չէր տվել Ժիրինովսկուն անվանել сукин сын: Լրացնենք այդ «բացը», թեև Վոլֆովիչը Ռուսաստանում էլ է արժանացել նմանատիպ էպիտետների:


Շաքարյանցը, անշուշտ, իրավացի է այն բոլոր մեղադրանքներում, որ նա ներկայացնում է լիբերալ դեմոկրատին: Բայց արժե՞ վրդովվել այդ, ժողովրդական լեզվով ասած, «թաթալաբազի» ասածներից: Այս հիրավի անսկզբունք մարդը երկար ժամանակ հրաժարվում էր անգամ իր հարազատ հորից՝ Վոլֆ Իսահակի Էլդելշտեյնից: Հիշո՞ւմ եք նրա նշանավոր զվարճահարույց ասույթը՝ մայրս ռուս է, հայրս՝ իրավաբան: Իսկ մի քանի ամիս անց համայն Ռուսիան ականատես դարձավ իրավածնի հեռուստաողբին Թել-Ավիվի արվարձաններից մեկում թաղված հոր գերեզմանին:
Ի դեպ, Ժիրինովսկին տարբեր առիթներով մեկ անգամ չէ, որ արտահայտել է իր հակակրանքը թուրքերի, անդրկովկասցիների, հյուսիսկովկասցիների, ղազախների, ղրղզների և այլոց նկատմամբ:


Բայց սա չէ հարցը: Ժիրինովսկին այն մարդը չէ, որի վրա արժե էներգիա թափել: Սակայն սա չի նշանակում, թե նա էժանագին քաղաքական խեղկատակ է: Բնավ: Գիտեք, որ նրա ղեկավարած լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ամենակրթվածներից մեկն է Ռուսաստանում, և նրա ղեկավարը չի կարող ինտելեկտուալ չլինել: Մի առիթով երբ նրան հարցրել են, թե ինչու ես քեզ այդքան «անլուրջ» պահում, նա պատասխանել է՝ եթե ինքը միայն «լուրջ» ելույթներ ունենա, ո՞վ կլսի:
Այդուհանդերձ, որն է Ժիրիկի ֆենոմենը: Բանն այն է, որ երկրի բարձրագույն ղեկավարները միշտ չէ, որ կարող են բաց արտահայտվել այս կամ այն խնդրի, երևույթի, անձի շուրջ և այլն: Եվ դա հանձնարարում են Ժիրինովսկուն, որն էլ իր այդ ինքնատիպ «ոճով» հրապարակային է դարձնում գաղափարը: Իբր՝ ի միջի այլոց:


Հայ-ժիրիկական հարաբերությունները արտացոլում են ռուս-հայկական հարաբերությունների բոլոր վայրիվերումները: Մինչ վերջերս Ժիրինովսկին նման անշնորհք արտահայտություններ թույլ չէր տալիս: Մոսկովյան հայկական միջոցառումների ժամանակ երբեմն դժվարությամբ էին կանգնեցնում նրա ընդգծված հայամետ ճառախոսությունները (Ղարաբաղին էլ Արցիխ էր ասում): Բացահայտ է, որ նրա մոտ ամեն ինչ կախված է ոչ թե սեփական համոզմունքներից, այլ ռուս-թուրքական, ռուս-ազերական հարաբերությունների ընթացքից: Եթե թուրքերի հետ լավ են, ապա կարելի է մի քիչ հայերին քննադատել, եթե հարաբերությունները բարդացել են, վերջիններիս կարելի է սիրաշահել: Վերջին հակահայկական աղտեղությունները արձագանքն են Հայաստանում բռնկած հակառուսական կրքերի:


Պետք է ոչ թե լուրջ ընդունել Ժիրինովսկու ելույթներն ու հայտարարությունները, այլ պարզապես կռահել, թե ինչ է թաքնված դրանց տակ: Վլադիմիր Սոլովյովի վերջին հաղորդումներից մեկի ժամանակ, երբ խոսակցություն էր ծավալվել Ֆիդել Կաստրոյի մահվան և ռուս-կուբայական հարաբերությունների հետագա զարգացումների շուրջ, մասնակիցների մեջ Ժիրինովսկին միակն էր, որն ագրեսիվորեն դեմ էր արտահայտվում Կուբայի հետ հարաբերություններում Խորհրդային Միության դերի վերականգնմանը ի դեմս ժամանակակից Ռուսաստանի: «ԽՍՀՄ-ը,- ասաց նա,- օրական, այո՛, օրական այդ երկրի վրա ծախսում էր երեք միլիարդ ռուբլի»: Կարելի էր ենթադրել, որ Կրեմլը չի ուզում հավակնել այդ դերին, չափից դուրս ծախսատար է: Եվ հասարակական կարծիքի նախապատրաստումը սկսում է Ժիրինովսկուց: Պատահական չէ, որ ո՛չ Պուտինը, ո՛չ էլ Մեդվեդևը այդպես էլ չմեկնեցին Հավանա ու չմասնակցեցին Կոմանդանտեի թաղման արարողություններին:
Ամեն անգամ, երբ հայոց լրատվամիջոցներում թիրախ են դարձնում ռուսաստանցի որևէ մակարդակի, բարձրագույնից սկսած, քաղաքագետների, աչք է զարնում անողոք, երբեմն նույնիսկ արհամարհանքի կամ նույնիսկ հայհոյականի հասնող տոնը, սուբյեկտիվությունը, ոչնչով չարդարացված սպառնալից տոնը և այլն: Թե՞ միայն հայ ժողովրդի արդարացի շահերի մասին են հոգում կամ ճշմարիտ հայտարարություններ անում Հայաստանի բարձրագույն ղեկավարները: Հայաստանցի լրագրողները ուշադրություն դարձրի՞ն, որ հանրապետական կուսակցության վերջին համագումարում նրա լիդերը իր հետխորհրդային ճառում լրիվ անտեսեց ներկայումս Հայաստանի գլխին կախված մեծագույն սպառնալիքի՝ արտագաղթի թեման: Բառն անգամ իսպառ բացակայում էր։
Այժմեական չէ՞ թեկուզ և ժամանակավորապես մոռանալու ռուսներին և զբաղվելու սեփական անկատարությունների «փետրահանումներով»։


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 4649

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ